«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Անատոլի Ավետյան-70

Անատոլի Ավետյան-70
27.05.2023 | 21:23

«Ազնիվ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրա լինի. հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»,-այս համոզմունքով է յոթ տասնամյակ ապրում ու ստեղծագործում անվանի գեղանկարիչ, քանդակագործ ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆԸ :

Արվեստասեր հասարակությանն Անատոլի Ավետյանը քաջածանոթ է իր բազմաժանր ստեղծագործություններովՙ գեղանկար, քանդակ, մետաղի և ապակու տարբեր տեխնիկայով աշխատանքներ և այլն: Դրանք տեղ են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում, Ազգագրության թանգարանում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում, Ամերիկայի հայկական թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հայաստանի հանրապետության նախագահի նստավայրում և Մայր աթոռ Ս. Էջմիածնում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածույում (Վատիկան) և այլուր:

Նկարիչը մեծ պատիվ է համարում, հպարտ է, որ իր աշխատանքը ցուցադրված է նաև Մոսկվայի Արևելքի թանգարանումՙ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների կողքին:

Նկարիչը նկարել սկսել է ծննդյան օրից: «Մայրս գերմանուհի էր և հաճախ էր ասում, որ նկարելու շնորհն ինձ պապիցս է փոխանցվել: Հայրական կողմս լոռեցի է, իսկ Վանաձորը, որի պատվավոր քաղաքացին եմ, իմ սիրելի քաղաքն է»,- նշում է Անատոլի Ավետյանն ու վստահեցնումՙ վանաձորցիներն արվեստասեր ժողովուրդ են և մշտապես մեծ սիրով են այցելում իր ցուցադրություններին: Այո, այդպես էր նաև Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում բացված Անատելի Ավետյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որին ներկա էին Վանաձորից ժամանած մի մեծ պատվիրակություն, փոխքաղաքապետի գլխավորությամբ, ովքեր ջերմ ու սրտանց բարեմաղթանքներ հղեցին Անատելի Ավետյանին հոբելյանի առթիվ։ Ի դեպ, օրեր առաջ,հոբելյանական ցուցահանդես բացվեց նաև Վանաձորում։

Անվանի նկարիչը նախ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գունանկարի, Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի մետաղի գեղարվեստական մշակման, ապա Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը, որում միավորված էր գունանկարն ու քանդակը: Վարպետը խոստովանում է` կրթությունից զատ, Մոդիլիանիից շատ է սովորում, բայց իր համար մեծագույն վարպետը Մարտիրոս Սարյանն է, ումից մշտապես սովորելու բան կա:

«Երբ ուսանող էի, իմ ստեղծագործություններից մեկը հավանել և գնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինըՙ Հունաստան տանելու և նվիրելու համար: Դա ինձ համար մեծագույն պատիվ էր»,-նշում է Անատոլի Ավետյանը:

Նկարչի երևանյան եռահարկ արվեստանոցում նրա ստեղծագործական հավաքածուի մի փոքր հատվածն է ներկայացված, մի մասն էլ Վանաձորի արվեստանոցում է: Աշխատանքների մեծագույն մասն աշխարհի տարբեր թանգարաններում ու անհատների հավաքածուներում, գտել են իրենց արժանի տեղը։

Անատոլի Ավետյանի ներկապանակում գերիշխում է դեղինը. նկարչի համար այն լավ տրամադրության, ուրախության և լույսի գույնն է:

Նկարչի ծննդյան 70-ամյակի առթիվ կազմակերպված անհատական ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, մշակութաբաններ, դեսպանությունների աշխատակիցներ և բազմաթիվ հյուրեր։: Անատելի Ավետյանի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 40 տարի առաջ և այդ օրից սկսած քառասնամյա ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչը երբեք ստեղծագործական դադար չի ունեցելՙ բացառությամբ համավարակի շրջանի:

Արցախյան 44-օրյա պատերազմից միայն մեկ տարի անց նկարիչը նորից վերակագնեց ստեղծագործական ավյունն ու կարծես ընկավ նոր հունի մեջ. հիմա նորից նա արվեստանոցում է վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Հայրենիքի հոգսերով մտահոգ նկարիչն իր ստեղծագործություններում չի կարողանում անմասն մնալ արդիական խնդիրներից, որոնց դեմ ընդվզում է վրձնով և յուրաքանչյուր աշխատանքում ինչ-որ մասնիկով ընդգծում միտքն ու ասելիքը:

Անատոլի Ավետյանը Հայաստանի վաստակավոր և Ժողովրդական նկարիչ է, արժանացել է մի շարք պարգևների ու գնահատանքների։

Ցուցահանդեսի այցելուները ժամերով գամվել էին կտավների առջև ու հիացական խոսքերով շնորհավորում էին հոբելյարին, մաղթելով ստեղծագործական բուռն վերելք։

Մարիետա ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7711

Մեկնաբանություններ